вторник, 13 февраля 2024 г.

ՄԱ՜Մ

 Մոր սրտում մի՜շտ ծաղկած գարուն է, դրախտային թագավորություն, որտեղ տեղ չունեն չարությունը, նախանձությունը և թուլությունը։  Չկա կյանքում այնպեսի հզոր դեղամիջոց, որ կփոխարինի մոր սիրուն, երգով կսփոփի, կբուժի ու առողջություն կտա մարդկանց։  Մա՜մ, որքան կուզենայի, կողքիս լինեի՛ր։  Որքա՜ն կուզենայի, որ բացվեր դուռը ու արևի շողերի հետ ներս մտնեիր։  Կուզենայի արևի նման ջերմացնեիր տանս սառած պատերը։  Ես՝ Քե՛զ կողքիս ունենալու համար պատրաստ եմ ամենինչի, միայն թե կողքիս լինեիր ու Ե՛ս գլուխս ծնկիդ դնեի, նստեինք մեր՝ այգու հին նստարանին, ձեռքդ առնեիր հելյունն ու ասեղը կտորին հանձնեիր քո ապրումները պարուրելով Քո՛ ներսի գունապնակով։  Ա՜խ երանի նորից ժամերով միասին զրուցեինք սուրճի սեղանի շուրջ և երգեի Քո՛ սիրելի երգերը, այդ ամենը կրկին վերապրելու համար պատրաստ եմ ամենինչի՜։  Ա՜խ, ուր էր, թե կարողանայի ժամանակը ետ պտտել, ամուր բռնեի ձեռքդ ու անցնեի մանկությանս լուսավոր ու անհոգ արահետով։  Երանի կողքիս լինեիր ու ձեռքս բռնած տանեիր իմ մանկության հետքերով, միասին գնայինք երազանքներիս հետևից, կիսեիր և ուրախանայի՛ր իմ վերելքներով, ընկեր լինեիր սրտիս, ո՜չ թե ինձ այցի գաիր ու ընկեր լինեիր իմ երազներում հրեշտակի կերպարով։  Մա՜մ ջան երանի կողքիս լինեիր, ի՜նձ ազատեիր կյանքի հոգսերից, պաշտպանեիր չարակամ մարդկանցից, չուզողներից ու այս դաժան աշխարհի դառը պտուղները ճաշակելու՝ այդ ցավոտ երևույթները ապրելու կարողությունից։  Մա՜մ երանի Քե՛զ գրկել կարողանայի ու ասեի շնորհավոր ծնունդդ, իմ անփոխարինելիս, իմ միակ, իմ սյուն, լույս ու հավատ, այնպես ամուր կգրկեի ու կասեի թե որքան եմ Քե՛զ սիրում, կասեի, որ ամենից շատ՝ Ես քո կարիքը ունեմ, որովհետև դու ես այն միակն ու անփոխարինելին ով հասկանում է ի՜նձ կես խոսքից, որ չկարողանային բաժանել մեզ իրարից։  Ե՛ս Քո՛ նման չէի կարողանա գրկել, գիտե՞ս թե ի՞նչու, որովհետև Քո՛ ձեռքերի զորությունը Աստվածային է, խոսքդ սփոփիչ։  Բայց կուզեի նորից սնվել մայրական քնքշանքից, թեւավորվեի ու ավելի վստահ գնայի առաջ։  Կուզեի ինձ խրատեի՛ր Քո՛ խորհուրդներով, քննադատեի՛ր իմ երգերը միայն թե  Քեզ գրկել կարողանայի ու ներողություն խնդրեի իմ չարաճճիյությունների, գործած սխալների և Քե՛զ նեղացնելու համար։  Դու թողեցիր ձեռքս իմ երազանքների ճանապարհին ու սովորեցրի՛ր մենակ հաղթահարելու ու պայքարելու կյանքի անարդարությունների, խոչընդոտների և չարության դեմ։  Դու ինձ սովորեցրի՛ր ներել, գնահատել մարդկանց արժանիքները, ապրել արժանապատիվ կյանքով, լինել կարեկից, ապրումակցող և դիմացինի հետ կիսելու Նրա վիշտը, ուրախությունը։  Դու հեռացար Քե՛զ հետ տանելով իմ մանկուտ օրերը՝ ի՜նձ նվիրելով ջերմ ու տաք հիշողություններ, կամքի մեծ ուժ, մարդկանց և աշխարհը ճանաչելու կարողություն։  Սովորեցրիր սփոփվել հիշողություններով, որ մեկիկ – մեկիկ հավաքել եմ փնջիկ եմ կապել զառվառ ծաղիկների նման ու օծել իմ արցունքով, որոնք երգեր են դառել։  Ա՜խ մա՜մ ջան՝ Դու՜ գնացիր հավերժի ճամփով, ինձ թողնելով կյանքի այս մեծ օվկիանում, որին ես պատրաստ չէի, որքան էլ ինձ սովորեցրել էիր ինքնուրույն հաղթահարելու խոչընդոտներն ու դժվարությունները։  Մա՜մ ջան ե՛ս չեմ կարողանում հաղթահարել այն խոր կսկիծը, որին ասում են այրող կարոտով վառվելու, Քե՛զ չգրկել կարողանալու և սպասելու տառապանք․․․  Վայրկյաններս, ժամեր են դառնում, ժամերս օրեր, օրերս շաբաթներ, շաբաթներս ամիսներ ու տարիներ, բայց դու՜ չկաս։  Իսկ՝ Ե՛ս շարունակում եմ սպասել Քե՛զ, որ կրկին կգաս ու նորից կապրեցնես այն աշխույժ և ուժեղ տղային ով սնվել ու հասակ է առել մայրական օրորից, անուշ կաթից և ջերմացած մոր սիրուց։  Գիտեմ կգաս ու Քո՛ արժեքավոր խրատներով և խորհուրդներով ի՜նձ ուժ կտաս և սխալվելու դեպքում նորից կդնես ճիշտ ուղու վրա․․․

 Վաչե Սարգիսի Դիլիջան 16․11․2022    


 

Комментариев нет:

Отправить комментарий